Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մակրոնը խոստացել է Աֆրիկային վերադարձնել մշակութային ժառանգությունը

Մակրոնը խոստացել է Աֆրիկային վերադարձնել մշակութային ժառանգությունը
04.12.2017 | 11:22

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Արևմտյան Աֆրիկա այցի ընթացքում դեկտեմբերի 2-ին ցանկություն է հայտնել «Աֆրիկային վերադարձնել իր ազգային ժառանգությունը»: Խոսքը Դագոմեա թագավորության գանձերի մասին է, որ Ֆրանսիայի պետական ու մասնավոր հավաքածուներում են:


«Աֆրիկյան ժառանգությունը պետք է ցուցադրվի ոչ միայն Փարիզում, այլև Դաքարում, Լագոսում ու Կոտոնում: Դա իմ գերակայություններից մեկն է լինելու: Ես ուզում եմ, որ առաջիկա 5 տարիներին պայմաններ ստեղծվեն աֆրիկյան ժառանգությունը Աֆրիկային վերադարձնելու համար»` հայտարարել է Ֆրանսիայի նախագահը ՈՒագադուգուի համալսարանում: Բենինի նախագահ Պատրիս Տալոնը ժառանգության վերադարձի հարցում է արել 2016-ի հուլիսին: Նրա խոսքով` ռեստիտուցիան թույլ կտա «բնակչությանը ծանոթանալ ազգային մշակույթին ու զբոսաշրջությունը դարձնել ազգային տնտեսության բարգավաճման հիմք»: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բենինի դեսպան Իրենե Զևունուն հայտարարել էր, որ Ֆրանսիայում են Բենինի արվեստի 6000 նմուշներ, այդ թվում` մասնավոր հավաքածուներում: Դագոմեա թագավորության գանձերը տեղափոխվել են 1892-1894-ի գաղութային պատերազմի ժամանակ, հետո նաև միսիոներներն են տեղափոխել, որ տեղի բնակչությունը «կուռքերին» չերկրպագի: Ֆրանսիայում են թագավորական գահեր, գավազաններ, Աբոմեյի պալատի սրբազան դռները, անտրոպոմորֆ արձանիկներ:


Ֆրանսիայի իշխանությունն առաջին անգամ է ցանկություն հայտնում այլ պետության վերադարձնել նրա մշակութային ժառանգությունը` նշում է Կոտոնում Զինսու հիմնադրամի տնօրեն Մարի-Սեսիլ Զինսուն: Նա Մակրոնի ելույթը համարում է շրջադարձային կետ Ֆրանսիայի մշակութային քաղաքականության մեջ: Մինչև այժմ Ֆրանսիայի իշխանություները հղում էին անում իրավական արգելքներին` ռեստիտուցիայի անհնարինությունը բացատրելով պետական սեփականության անօտարելիության սկզբունքով և «1566-ի Մուլենի հրամանագրով», որ հռչակել է այդ սկզբունքը: Ռեստիտուցիան կպահանջի Ֆրանսիայի օրենսդրության փոփոխություն:
RFI


Հ.Գ. Չափազանց համարձակ քայլ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Աֆրիկային իր ազգային ժառանգությունը վերադարձնելը արժանապատիվ ու արքայական որոշում է: Բայց 1566-ի Մուլենի հրամանագիրը բեկանելով ու օրենսդրության փոփոխությամբ Ֆրանսիան ստեղծելու է նախադեպ ու բախվելու է մշակութային ու զբոսաշրջային գերխնդրի: Եթե Բենինի նախագահ Պատրիս Տալոնը գիտակցում է, որ ազգային մշակույթը կարող է դառնալ զբոսաշրջության ու ազգային տնտեսության բարգավաճման հիմք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է բախվել նաև այլ պետությունների նախագահների ռեստիտուցիոն պահանջներին: ՈՒ` ի՞նչ են անելու Ֆրանսիայի թանգարանները ու մասնավոր հավաքածուների տերերը: Ասենք` Եգիպտոսը պահանջի իր մումիաները ու փարավոնների դամբարաններից փոխադրված պատմական արվեստի նմուշները:


Վերջապես` Իտալիան պահանջի վերադարձնել «Ջոկոնդային»: Մոնա Լիզայի համար կարող եք չանհանգստանալ, իսկ ինչպե՞ս են աֆրիկյան երկրները պահպանելու իրենց մշակույթի գանձերը` ունե՞ն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու մասնագետներով թանգարաններ, թե՞ վաճառքի են հանելու, որ նույնպես ազգային գանձարանը հարստացնելու ձև է: Վերջապես` նրանք, որ գնում են Փարիզի թանգարանները` համաշխարհային մշակույթին ծանոթանալու, հազիվ թե այդ մշակույթի հետևից ճանապարհ ընկնեն աֆրիկյան կամ այլ մայր ցամաքների երկրներ` մի գահավորակի, մի թագի ու մի գայիսոնի ու մի քանի դիմակի համար: Ամենայն հավանականությամբ` գեղեցիկ ու տպավորիչ խոստում է, որի իրականացումը չի լինելու նույնքան գեղեցիկ ու տպավորիչ: Եթե ընդհանրապես լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ